Սպիտակ տունն ու Կրեմլն աշխատում են բարձր մակարդակով նախագահներ Ջո Բայդենի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը հունիսին Շվեյցարիայում անցկացնելու ուղղությամբ, հաղորդում է AP-ն՝ հղում անելով պաշտոնյայի խոսքերին:

Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն այս շաբաթ վերջնական մանրամասները քննարկելու համար հանդիպելու է իր ռուս գործընկերոջ հետ Ժնեւում, որտեղ ենթադրաբար կանցկացվի նախագահների հանդիպումը:

Պաշտոնական հայտարարությունը կհրապարակվի առաջիկա օրերին:

ԱՄՆ ազգային անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ այս շաբաթ կայանալիք հանդիպումը Սալիվանի եւ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի միջեւ դարձել է ամենակարեւոր քայլը նախատեսվող ռուս-ամերիկյան գագաթնաժողովը նախապատրաստելու հարցում, եւ կառուցողական է համարել քննարկումները՝ չնայած «ակնհայտ տարբերություններին»: