Գարեգին Բ կաթողիկոսը հունիսի 27-ին քառօրյա հովվապետական այցով կմեկնի Սանկտ-Պետերբուրգ (Ռուսաստան) եւ Ռիգա (Լատվիա):

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Սանկտ-Պետերբուրգում նա ներկա կգտնվի հայ համայնքի 300-ամյակին նվիրված միջոցառումներին: Սալտիկով-Շեդրինի անվան ազգային գրադարանում Գարեգին Բ-ն կկատարի Հայ-ռուսական հոգեւոր կապեր խորագրով հայկական գրքերի ցուցահանդեսի բացումը, ինչպես նաեւ կնախագահի Սանկտ-Պետերբուրգի Հայ-ռուսական բարեկամության մշակութային կենտրոնի օրհնության եւ բացման արարողությունը:

Հունիսի 29-ին Հայոց կաթողիկոսը կմեկնի Ռիգա, ուր հունիսի 30-ին կհանդիսապետի Ռիգայի Ս. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու օծման արարողությունը, հայրապետական իր օրհնությունը կբաշխի Լատվիայում բնակվող հայորդիներին: