Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը ծրագրված սադրանք է որակել Ryanair-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ արեւմտյան քաղաքական գործիչների արձագանքը: Այս մասին նա այսօր Մինսկում հայտնել է լրագրողներին, հաղորդել է «ԲելՏԱ»-ն:
«Ընդգծում եմ, որ ոչ թե մասնագետները, այլ Արեւմուտի քաղաքական գործիչները, որոնք ունեն իշխանական լծակներ, այս միջադեպի մասին տեղեկություն ստանալուց հետո բառացիորեն 10-15 րոպեի ընթացքում արդեն սկսել են համապատասխան քաղաքական հայտարարություններ անել, բնականաբար, Բելառուսի հասցեին ուղղված մեղադրանքներով: Մենք սա ընկալում ենք որպես ծրագրված, համաձայնեցված գործողություն եւ ծրագրված սադրանք, եւ արձագանքելու ենք: Սակայն մենք չենք ցանկանում սրել իրավիճակը. բազմիցս շեշտվել եւ ասվել է այն մասին, որ Բելառուսը շահագրգռված է զարգացնել նորմալ հարաբերություններ բոլոր պետությունների, այդ թվում ` Լատվիայի եւ այլ հարեւանների հետ: Սակայն եթե Բելառուսի եւ նրա ժողովրդի նկատմամբ փորձեն անհարգալից վերավերմունք ցուցաբերել, ապա նման գործողությունները չեն կարող եւ չպետք է անպատասխան մնան: Այդ պատճառով Լատվիայի դեսպանը այսօր հրավիրվել է ԱԳՆ եւ նրան արվել են համապատասխան առաջարկներ», - ասել է Վլադիմիր Մակեյը:
Նրա խոսքով՝ Մինսկը պատրաստ է տրամադրել Ryanair ավիաընկերության ինքնաթիռի միջադեպի հետ կապված ցանկացած տվյալ: «Մենք պատրաստ ենք թափանցիկորեն հետաքննել միջադեպը` համապատասխան միջազգային փորձագետների մասնակցությամբ: Սակայն ոչ մի ԵՄ երկիր, ոչ մի արեւմտյան երկիր այս պահի դրությամբ տեղեկատվություն չի խնդրել բելառուսական կողմից, որքանով տեղյակ եմ: Մյուս կողմից, արդեն հարյուրավոր քաղաքական հայտարարություններ են արվել ոչ միայն մեղադրանքներով, այլեւ Բելառուսի հասցեին բացահայտ սպառնալիքներով: Սա բացարձակապես անընդունելի է: Սա այն է, ինչը կոչվում է «գործող նոր աշխարհաքաղաքական կարգ», - հայտարարել է նախարարը:
Ինչպես հաղորդվել է, մայիսի 23-ին Աթենք-Վիլնյուս երթուղով թռչող Ryanair ինքնաթիռը, որը թռչում էր Բելառուսի տարածքի վրայով, ազդանշան է ուղարկել ստեղված վթարային իրավիճակի մասին: Տագնապի ազդանշանի պատճառ է եղել հաղորդագրությունը, ըստ որի ինքնաթիռը «ականապատված» է եղել:
Ինքնաթիռի հրամանատարի որոշմամբ՝ օդանավը հաջող վայրէջք է կատարել Մինսկի ազգային օդանավակայանում, որտեղ այն դիմավորել են օդանավակայանի վթարափրկարարական հաշվարկները, շտապօգնության մեքենաները, ավիացիոն անվտանգության աշխատակիցները: Անմիջապես իրականացվել են օպերատիվ ստուգողական միջոցառումներ, դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության լրացուցիչ հաշվարկներ, աշխատել են ուժային կառույցների ներկայացուցիչներ:
Ինքնաթիռում եղել է 123 ուղեւոր: Բոլորն անցել են ավիացիոն անվտանգության համար լրացուցիչ վերահսկողություն եւ ստուգողական միջոցառումների համար տեղափոխվել են օդանավակայանի տարանցիկ գոտի: Այնուհետեւ ինքնաթիռը թռել է Մինսկի ազգային օդանավակայանից դեպի Վիլնյուս:
Օդանավում է եղել Nexta Տելեգրամ ալիքի հիմնադիրներից մեկը՝ Ռոման Պրոտասեւիչը, որին Բելառուսի իշխանությունները ծայրահեղական են համարում: Պրոտասեւիչին դուրս են բերել ինքնաթիռից եւ բերման ենթարկել:





























