Կարող եմ միանշանակ խոստանալ, որ քաղաքացիություն ստանալու գործընթացը կպարզեցվի եւ կտեւի ընդամենը մի քանի ամիս։ Այս մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«ՀՀ առաջին սահմանադրությունը արգելում էր երկքաղաքացիությունը։ Առաջին բարեփոխումների ժամանակ այդ արգելքը հանվեց, քաղաքացիությունը բավականին պարզեցված կարգով էր տրամադրվում։ Երկրի քաղաքացի չլինել եւ մասնակցել այդ երկրի համապետական ընտրություններին, մի փոքր վիճահարույց հարց է։ Տեղական կառավարման մարմինների ընտրությունը այլ է։ Եթե ռեզիդենտի կարգավիճակ ունես, ընտրություններին մասնակցելը խնդիր չէ։ Հիմա նույնիսկ այլ խնդիր կա։ ՀՀ քաղաքացիություն ունեցող մարդը, որ գտնվում է այլ երկրում, իրավունք չունի քվեարկելու։ Նախկինում նման քվերակություններ կազմակերպվում էին մեր հյուպատոսությունների տարածքում»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։

Նա խոստացել է, որ քաղաքացիություն ստանալու գործընթացը կպարզեցվի եւ կտեւի ընդամենը մի քանի ամիս. «Ինձ համար անհասկանալի է՝ ինչու է տեւում այդքան երկար․ երեք տարի ստուգում են՝ հա՞յ ես, թե՝ չէ։ Հայ լինելու հանգամանքը բավարար է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար»։