Եվրոպայում լրջորեն անհանգստացած են Ադրբեջանում ժողովրդավարության վիճակով։ Այս մասին հայտարարել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող, շվեյցարացի խորհրդարանական Դիկ Մարտին, ով նաեւ Ստրասբուրգում զեկույց է ներկայացրել ԵԽԽՎ անդամ-երկրների ստանձնած պարտավորությունների իրականացման մասին։
Contact.az-ի փոխանցմամբ, Ադրբեջանին վերաբերող զեկույցում մասնավորապես նշվել է, որ Ադրբեջանում խնդիրներ կան կապված իշխանության ճյուղերի գործնականում տարանջատման, եւ քաղաքական բազմակարծության հետ։ «Անհրաժեշտություն կա խորհրդարանական վերահսկողություն սահմանել Ադրբեջանի գործադիր իշխանության նկատմամբ»,- ընդգծված է զեկույցում։
Ըստ զեկույցի՝ Ադրբեջանի խորհրդարանական վերջին ընտրությունները ցույց են տվել, որ այդ երկրում գրեթե բացակայում են ազնիվ եւ արդար ընտրություններ անցկացնելու հնարավորությունները։ Թերությունները հատկապես դրսեւորվել են թեկնածուների գրանցման ժամանակ։ Եղել են քաղաքական իրավունքների սահմանափակումներ, վարչարարական խոչընդոտներ, ընտրական հանձնաժողովների կազմավորման խանգարող հանգամանքներ, եւ ընտրությունների օրը խախտումներ։ «Արդյունքում խորհրդարան չեն անցել խոշոր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ»,- նշված է ԵԽԽՎ զեկույցում։ Փաստաթղթի հեղինակները ընդգծել են, որ Ադրբեջանում մարդու իրավունքների եւ ազատության հետ կապված լուրջ խնդիրներ կան։




























