Սիրիայում այսօր` հունիսի 24-ին առնվազն 5 մարդ է մահացել, երբ անվտանգության ուժերը կրակ են բացել ցուցարարների վրա Դամասկոսից հարավ գտնվող Ալ-Կիսուահ քաղաքում: Եվս 6 մարդ վիրավորվել է: Այս մասին հաղորդում են իրավապաշտպանները:
Սիրիայի մի քանի քաղաքներում այսօր, ավանդական ուրբաթօրյա աղոթքից հետո, բողոքի ակցիաներ են տեղի ունեցել` երկրի նախագահ Բաշար Ասադի հրաժարականի պահանջով:
Հոմս քաղաքում, որտեղ ցուցարարները փողոց են ելել «Բաշարն այլեւս իմ նախագահը չէ» կարգախոսով, լսվել են կրակոցներ: Հալեպում ավելի քան 15 ցուցարար ձերբակալվել է:
Տեղեկություններ են ստացվում, որ Դամասկոսում խափանումներ կան ինտերնետի եւ բջջային կապի աշխատանքում, հաղորդում է «Ազատությունը»:




























