Արտաքին շատ ուժեր ճգնում են պառակտել հայությունը. Հայաստանը` Սփյուռքի,  Սփյուռքը Հայաստանի դեմ լարելու ջանք կա: Այդ մասին այսօր` հունիսի 24-ին ՀՅԴ Ընդհանուր ժողովում հայտարարել է կուսակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Նրա խոսքով, միշտ չէ, որ այս առումով հայկական այլազան շրջանակների հակազդեցությունը առողջ է. «Պատահում է հաճախ, որ հայկական ուժերը,  գիտակցաբար կամ անգիտակցաբար, որդեգրում են այդպիսի պառակտումի  ճամփա բացող գործելակերպ»:

Այդ համատեքստում Մարգարյանն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին, ընդգծելով, որ աշխարհի ողջ հայությունը միասնական դիրքորոշում պետք է որդեգրի թուրքական կողմից` Հայոց ցեղասպանության համար պահանջվող փոխհատուցման հարցում:

«Այսօր պետք է հետ կանչել ստորագրությունները փաստաթղթերից: Հետո,  որեւէ այլ պահի կարելի է նախաձեռնել նոր, ոչ ստորացուցիչ հարաբերություններ Թուրքիայի հետ: Դա հնարավոր կլինի անել այն ժամանակ, երբ Հայոց ցեղասպանությունը ճանաչված կլինի միջազգային բոլոր մակարդակներում, ինչից հետո հնարավոր կլինի անցումը հետագա պահանջներին»,- նշել է քաղաքական գործիչը: