Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կառավարության դեմ պատժամիջոցները ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ նա «չի սկսի հարգել ժողովրդավարությունն ու ժողովրդի կամքը»: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը, հայտնել է Reuters-ը:

«2020 թվականի օգոստոսից մենք ականատես ենք եղել կամայական ձերբակալությունների, ասոցիացիաների նկատմամբ սահմանափակումների, ընդդիմության ահաբեկման եւ բանտարկության, ինչպես նաեւ անօրինական նախագահական ընտրություններին հաջորդած բռնաճնշումների», - ասել է Լե Դրիանը: «Կիրակնօրյա իրադարձությունները Լուկաշենկայի ռեժիմի կողմից իրականացվող բռնաճնշումների ռազմավարության հերթական սրացումն են»:   

Հիշեցնենք, որ մայիսի 23-ին Աթենքից Վիլնյուս թռչող Ryanair ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Մինսկի օդանավակայանում ՝ «ականապատման» մասին հաղորդագրության պատճառով: Ձերբակալվել է ինքնաթիռում գտնվող Nexta Տելեգրամ ալիքի հիմնադիրներից մեկը՝ Ռոման Պրոտասեւիչը, որին Բելառուսի իշխանությունները ծայրահեղական են համարում: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել մի քանի հոդվածներով, այդ թվում` «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» հոդվածով: Ձերբակալվել է նաեւ նրա ընկերուհին` ՌԴ քաղաքացի Սոֆյա Սապեգան:

Այս միջադեպը հարուցել է ԵՄ առաջնորդների վրդովմունքը, որոնք կոչ են արել ընդլայնել պատժամիջոցները Մինսկի դեմ՝ արգելելով բելառուսական ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել դեպի Եվրոպա, իսկ միջազգային ավիաընկերություններին հորդորել են շրջանցել Բելառուսի օդային տարածքը: Եվրոպական մի շարք ավիաընկերություններ հայտարարել են դեպի Բելառուս չվերթները դադարեցնելու իրենց մտադրության մասին: