1997 թվականին ՀՆԱ 17-18 տոկոսն էր ձեւավորում փոքր եւ միջին բիզնեսը, իսկ  2008 թվականին այդ տոկոսը կազմել է 44-46 տոկոս: Այս մասին բիզնեսի և շինարարության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ,  «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը:

«Փոքր եւ միջին բիզնեսին աջակցության առաջին օրենքը, եթե չեմ սխալվում, ընդունվել է 2002 թվականին, չգիտեմ դրանից հետո ինչքան է բարելավվել այդ օրենքը, բայց իմ ժամանակ մենք 2 անգամ անդրադարձ ունեցել ենք այդ օրենքներին եւ հենց 2002 թվականից ստեղծվել է փոքր եւ միջին բեզնեսի աջակցության համար կառույց, այդ կառույցը բոլոր մարզերում ուներ ներկայացուցչություն, պետական ֆինանսավորում եւ այն նաեւ ապահովում էր  հետադարձ կապը, թե ինչ է  կատարվում փոքր եւ միջին բիզնեսի ոլորտում եւ ինչ պրակտիկ քայլեր պետությունը պետք է անի այդ ոլորտը խթանելու համար: Բազմաթիվ քայլեր եղել են, հիմա կասեք` քայլեր եղել են, արդյունքը ինպիսի՞ն էր: 1997 թվականին ՀՆԱ 17-18 տոկոսն էր ձեւավորում փոքր եւ միջին բիզնեսը, իսկ  2008 թվականին այդ տոկոսը կազմել է 44-46 տոկոս, այ սա է արդյունքը, այն պարագայում ՀՆԱ-ն աճում էր երկնիշ թվերով: Փոքր եւ միջին բիզնեսը ավելի արագ էր զարգանում քան ընդհանուր ՀՆԱ-ն: Եւ դա քաղաքականության արդյունքն էր »,-ասաց նա:

Քոչարյանի խոսքով` այդ  տարիներին սեփականատերերի մի ստվար զանգված ձեւավորվեց:

«1999 թվականից էս կողմ Ոստիկանությունը, կամ անվտանգությունը որեւէ բիզնես մտե՞լ է,  ստուգե՞լ է, մասկի շոու արե՞լ են, չգիտեմ` ինչ են արել, չի կարող լինել այդպիսի բան: Անվտանգությունը իրավունք ուներ միայն մաքսանենգության հարցերով զբաղվել: Դուք պետք է գործ ունենաք միայն հարկային մարմինների հետ: Այլ մարմիների հետ գործարար աշխարհը չպետք է առնչություն ունենա»:

Նրա խոսքով` բիզնեսի զարգացման համար պետական ներդրումներն են ենթակառուցվածքների զարգացման մեջ:. «Սա պետական մարմինների սուրբ պարտականությունն է»:

Քոչարյանի խոսքով` հաջորդը այլ պետությունների հետ առեւտրի կանոնակարգվածությունն է:

«Հենց այդ տարիներին է ստորագրվել այլ պետությունների հետ պայմանագրերի ահռելի մի զանգված: Եւ այդ տարիներին մենք անդամակցեցինք համաշխարհային առեւտրի կազմակերպությանը, ինչը հնրավորություն տվեց հասկանալի կանոներով առեւտուր ունենալ այլ երկրների հետ»:

Երկրորդ նախագահը նշեց, որ հաջորդը դատական համակարգն է, չի կարող ասել, որ մեծ բան է արվել, սակայն ռեֆորմը սկսվել է այս համակարգում եւ հաջորդ տարիներին շարունակվել է:

«Սակայն  չեմ կարող ասել որ այստեղ էական  փոփոխություններ են եղել, նաեւ իմ վրա եմ զգացել»,-հավելեց նա: