«Թալիբան» շարժումը դեմ է տարածաշրջանում ԱՄՆ բազաների ստեղծմանն Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո: Պակիստանը խոստացել է, որ ամերիկյան հենակետերը չեն տեղակայվելու իր տարածքում:

Հայտարարություններն արվել են այն ենթադրությունների ֆոնին, որ ԱՄՆ-ն, որն իր զորքերը դուրս է բերում Աֆղանստանից, կցանկանա մոտակայքում գտնվող տարածք ունենալ` գրոհայինների թիրախներին հարվածելու համար, փոխանցում է AP-ն:

Նախազգուշացումը նաեւ հնչեցվել է կառավարության եւ «Թալիբան» շարժման միջեւ դադարեցված բանակցություններն արագացնելու ջանքերի ակտիվացման ժամանակ: Թե՛ Պակիստանը, թե՛ Քաթարը ճնշում էին գործադրում թալիբների վրա` Թուրքիայում բանակցություններին մասնակցելու խնդրանքով: ՄԱԿ-ի հովանավորությամբ բանակցությունները պետք է տեղի ունենային անցյալ ամիս Թուրքիայում, սակայն «Թալիբան»-ը հրաժարվել էր մասնակցել:

Մինչդեռ Պակիստանի արտաքին գործերի նախարար Շահ Մեհմուդ Քուրեշին Պակիստանի Սենատին հայտարարել էր, որ երկիրը թույլ չի տա իր տարածքում ամերիկյան բազաներ տեղակայել:

2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո Պակիստանը չորս ավիաբազա է տեղակայել ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի համար:

ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ի շուրջ 7000 զինծառայող ամենաուշը մինչեւ սեպտեմբերի 11-ը կհեռանան Աֆղանստանից: Այս շաբաթվա սկզբին տարածած հայտարարության մեջ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը տեղեկացրել էր, որ ավարտել է դուրսբերման գործընթացի շուրջ 25 տոկոսը:

Իրենց հայտարարության մեջ թալիբները նախազգուշացրել էին հարեւան երկրներին, որոնք թույլ են տալիս, որպեսզի իրենց տարածքը որպես Ամերիկայի համար պլացդարմ օգտագործվի: «Աստված չանի այդպիսի քայլ արվի. դա պատմական մեծ սխալ եւ ամոթ կլինի, որը կմնա պատմության մեջ»,- ասվում է թալիբների հայտարարության մեջ: «Քանի որ մենք բազմիցս հավաստիացրել ենք ուրիշներին, որ մեր հողը չի օգտագործվի որեւէ մեկի անվտանգության դեմ, մենք մյուսներին կոչ ենք անում չօգտագործել իրենց հողն ու օդային տարածքը մեր երկրի դեմ»: