Սլովակիան թույլատրել է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործումը, որը դեռ չի հաստատվել ԵՄ կարգավորողի կողմից, հայտնում է Reuters-ը:

Սլովակիայի կառավարությունը առողջապահության նախարար Վլադիմիր Լենգվարսկուն խնդրել է մինչեւ հունիսի 7-ը հասանելի դարձնել COVID-19-ի դեմ պատվաստանյութը:

Սլովակիան «Սպուտնիկ V» պատվաստանյութի 200 000 չափաբաժին ունի, բայց մինչ այժմ երկիրը չէր թույլատրել դրա օգտագործումը:

Հունգարիան ԵՄ միակ երկիրն է, որն օգտագործում է «Սպուտնիկ V»-ն, որը դեռ Դեղամիջոցների եվրոպական գործակալության կողմից չի հաստատվել։

«Սպուտնիկ V»-ի 2 միլիոն չափաբաժին գնելու Սլովակիայի գործարքը, որը կազմակերպվել էր այն ժամանակվա վարչապետ Իգոր Մատովիչի կողմից, մարտին քաղաքական ճգնաժամ առաջացրեց, ինչը կառավարության հրաժարականի պատճառ դարձավ: