Facebook-ը սոցիալական ցանցերում վերջին չորս տարիների «ապատեղեկատվության առաջատար մատակարարներ» է անվանել Ռուսաստանին եւ Իրանին: Ըստ Facebook-ի նոր զեկույցի՝ ապատեղեկատվության հիմնական թիրախը ամերիկյան հասարակությունն է եղել, հայտնել է NBC News-ը:

Զեկույցի համաձայն՝ 2017-ից մինչեւ 2020 թվականի վերջն ընկած ժամանակահատվածում սոցիալական ցանցը փակել է 150 կեղծ օգտահաշիվ, որոնցից շատերը ամերիկյան ժողովրդի դեմ ուղղված արտաքին ապատեղեկատվության փորձեր են եղել, իսկ մյուսները ստեղծվել են ԱՄՆ-ում՝ տեղի ծայրահեղականների կողմից:

«Ազդեցություն գործադրելու գործողությունները նոր չեն, սակայն վերջին մի քանի տարիներին դրանք ներխուժել են համաշխարհային հասարակական գիտակցության մեջ», - ասվել է զեկույցում: «Այս արշավները փորձում են խարխլել քաղաքացիական ինստիտուտների եւ հասարակական բանավեճերի նկատմամբ վստահությունը՝ օգտագործելով նույն թվային գործիքները, որոնք դիվերսիֆիկացրել են հասարակական առցանց տարածությունը եւ քննադատական ​​բանավեճերի հնարավորություն են ընձեռնել»:

Զեկույցում ասվում է, որ Ռուսաստանի եւ այլ դերակատարների մոտ գնալով ավելի լավ է ստացվում արտաքին եւ ներքին գործունեության միջեւ սահմանները ջնջելը՝ ոչինչ չկասկածող ներքին խմբերի հետ համագործակցության եւ ամերիկյան հասարակությունը մասնատելու փորձերի միջոցով: