Դաշնակահարների, թավջութակահարների, ջութակահարների շրջանում անցկացվող Չայկովսկիի անվան Միջազգային 14-րդ մրցույթի երկրորդ փուլի արդյունքները հայտարարվել են հունիսի 24-ին: Անվանակարգերից յուրաքանչյուրում եզրափակիչ փուլ է անցել հինգ երաժիշտ:
Հայազգի Նարեկ Հախնազարյանը եւս անցել է մրցույթի եզրափակիչ փուլ, ում հետ մրցելու են Նորբերտ Անգերը` Գերմանիայից, Իվան Կարիզնան` Բելառուսից, Էդգար Մորոն` Ֆրանսիայից եւ Ումբերտո Կլերիչին` Իտալիայից: Ջութակահարների անվանակարգում ժյուրին ընտրել է Նայջելա Արմսթրոնգին` ԱՄՆ, Սերգեյ Դոգադինին` ՌԴ, Ջեխլե Լիին` Կորեա, Ինամարա Զորմանային` Իսրայել եւ Էլրիկա Սիլբերգերին` ԱՄՆ:
Ֆորտեպիանոյի անվանակարգում լավագույնն են ճանաչվել Ալեքսանդր Ռոմանովսկին` Ուկրաինա, Յոլ Յում Սոնը եւ Սենգ Չժին Չոն` Կորեան, ինչպես նաեւ Դանիիլ Տրիֆանովն ու Ալեքսեյ Չերնովը`ՌԴ-ն:
Միջազգային մրցույթի բացումը տեղի է ունեցել հունիսի 14-ին: 2011 թվականին մրցույթն անցկացվում է ՌԴ երկու քաղաքներում` Մոսկվայում եւ Սանկտ-Պետերբուրգում:




























