Մալայզիայի իշխանությունները նախազգուշացրել են այն անձանց լուրջ պատասխանատվության ենթարկելու մասին, որոնք կոչ են անում հրաժարվել կորոնավիրուսի դեմ պատվաստումից։ Այդ մասին կիրակի հայտնել է վարչապետի՝ իրավունքի եւ խորհրդարանի գործերով դեպարտամենտում նախարար Տակիյուդին Հասանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ համապատասխան կառույցները կարող են կոշտ միջոցներ կիրառել նրանց նկատմամբ, ովքեր հրաժարվում են կատարել նախազգուշացումները, տարածում են կեղծ տեղեկատվություն պատվաստումների մասին՝ կոչ անելով հրաժարվել պատվաստումներից։
Առողջապահության նախարարության գործադիր տնօրեն Հիշամ Աբդուլան հայտնել է, որ առաջիկայում մայրաքաղաքի արվարձաններում կբացվեն «բնակչության պատվաստման մեգակենտրոններ»։
Վարչապետ Մուհիդին Յասինը հայտարարել է հունիսի 1-ից լոքդաունի մասին վերջին օրերին վարակվածների թվի ռեկորդային աճի կապակցությամբ։ Մասնավորապես շաբաթ գրանցվել էր ավելի քան 9 հազար նոր դեպք։ Կառավարության տվյալներով՝ կորոնավիրուսի դեմ պատվաստվել է երկրի բնակչության շուրջ 6 տոկոսը։





























