ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչալեթը պահանջում է Կոլումբիայի Կալի քաղաքում վերջերս տեղի ունեցած բռնության էսկալացիայի անկախ հետաքննությունն իրականացնել, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունն ավելի վաղ հաղորդել էր, որ զինված անձինք, որոնց շրջանում եղել են նաեւ դատական ոստիկանության աշխատակիցներ, կրակ են արձակել ցուցարարների, ցույցը լուսաբանող լրագրողների, ինչպես նաեւ անցորդների ուղղությամբ։ Զոհվածների շրջանում կա նաեւ դատական ոստիկանության աշխատակից, որին սպանել են ցուցարարները։
Մայիսի 28-ին Կալիում ընդհանուր առմամբ զոհվել է 14, վիրավորվել՝ 98 մարդ, որոնցից 54-ը՝ հրազենից։
«Այս իրադարձությունները խիստ մտահոգիչ են՝ հաշվի առնելով գործընթացը, որը գրանցվել է երկխոսության եղանակով սոցիալական հույզերի ֆոնին, որոնք բռնկվել էին մեկ ամիս առաջ կառավարության սոցիալական եւ տնտեսական մի շարք միջոցառումների դեմ համազգային գործադուլից հետո։ Անհրաժեշտ է, որ բոլոր նրանց նկատմամբ, ովքեր ներգրավված են վիրավորում հասցնելու կամ մահվան հանգեցնելու գործում՝ ներառյալ պետական ծառայողները, անցկացվի արագ, արդյունավետ, անկախ, անկողմնակալ եւ թափանցիկ հետաքննություն, եւ որպեսզի մեղավորները ենթարկվեն պատասխանատվության»,-հաղորդվում է Բաչելեթի կիրակնօրյա հայտարարության մեջ։ Նա կոչ է արել հակամարտող կողմերին դադարեցնել բռնությունն ու սկսել երկխոսել։





























