ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը, մեկնաբանելով հունիսի 24-ին Կազանում տեղի ունեցած Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը, ընդգծել է ղարաբաղյան հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման հասնելու ուղղությամբ ջանքերի շարունակության կարեւորությունը:

«Ողջունում եմ փոխըմբռնման հասնելու ջանքերը մի շարք հարցերի շուրջ, որոնց լուծումը կարող է նպաստել ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքների հաստատման համար պայմանների ստեղծմանը: Հուսով եմ, որ մնացած հարցերի լուծման ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն` հակամարտության լուծման ճանապարհը հարթելու համար»,-նշվում է Աժուբալիսի հայտարարությունում, որն այսօր տեղադրվել է ԵԱՀԿ պաշտոնական կայքում:

«ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել եւ լրացնել ցանկացած ջանք (այդ թվում` իմ անձնական ներկայացուցչի միջոցով), որոնք ձեռնարկվում են եռակողմ մակարդակով եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո` վերջ դնելու համար Հարավային Կովկասում առճակատմանն ու անկայունությանը»,- հայտարարել է նա:

Աժուբալիսն ընդգծել է հրադադարի ռեժիմի ամրապնդման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության մասնակցությամբ վստահության մթնոլորտի ամրապնդման ուղղությամբ քայլերի իրականցումը: Այս բոլոր հարցերը ԵԱՀԿ գործող նախագահի կողմից քննարկվել են Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ մարտին կայացած հանդիպումների ժամանակ:

«Առաջնորդներին կոչ եմ անում իրականացնել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել 2010թ. Աստրախանում եւ այս տարի մարտին Սոչիում կայացած եռակողմ հանդիպումների ժամանակ, այդ թվում` հետաքննել շփման գծում հնարավոր միջադեպերը եւ ձեռնապահ մնալ ուժի կամ դրա սպառնալքի կիրառումից»,-եզրափակել է Աժուբալիսը: