Եթե նախորդ տարիներին բանակում գրանցվում էին տուբերկուլոզի հարյուրավոր դեպքեր, ապա վերջին տարիներին այդ թիվը տատանվում է տասնյակի շրջանակներում: Այս մասին այսօր` հունիսի 25-ին, Աղվերանում «Միացյալ ուժերով կանգնեցնենք տուբերկուլոզը» խորագրով սեմինարի ընթացքում ասաց Տուբերկուլյոզի ազգային գրասենյակի վիճակագիր Նարինե Մեժլումյանը: Նա տեղեկացրեց, որ տուբերկուլյոզով հիվանդ տղամարդը բանակ չի գնում, իսկ եթե զինվորական ծառայության ընթացքում հիվանդանում է տուբերկուլյոզով, ապա զորացրվում է:
Ինչ վերաբերում է քրեակատարողական հիմնարկներին, ապա 2010թ այդտեղ գրանցվել է տուբերկուլյոզի 45 դեպք: Ըստ որում` տղամարդիկ ավելի շատ են հիվանդանում տուբերկուլյուզով, քան` կանայք:
Նշենք, որ տուբերկուլյոզը մարդու եւ կենդանիների, հաճախ քրոնիկ ընթացք ձեռք բերող վարակիչ հիվանդություն է, որը տարածվում է օդակաթիլային, փոշային, սննդային, կոնտակտային եղանակներով, այն ժառանգաբար չի փոխանցվում: Տուբերկուլյոզը լինում է թոքային եւ արտաթոքային, բուժման եղանակները եւս երկուսն են` կլինկական եւ բակտերիոլոգիական: Տուբերկուլյոզի հիմնական ախտանշաններն են` պարբերաբար հազը, խորխարտադրությունը, ընդհանուր թուլությունը, ախորժակի անկումը, քաշի կորուստը, ջերմությունը եւ այլն:
«Տուբերկուլոզը վարակիչ, բայց հաղթահարելի հիվանդություն է, քանի որ հարուցիչը խոցելի է, տուբերկուլյոզի լիարժեք բուժումը հնարավոր է»,- ասաց Նարինե Մեժլումյանը` հավելելով, որ բուժման ընթացքը կարող է սկսվել 6 ամսից եւ տեւել մինչեւ 26 եւ ավելի ամիսներ: Ըստ որում` տուբերկուլյոզով հիվանդ մեկ մարդու տարեկան բուժումը կազմում է մոտ 5000 դոլար, որն անվճար հիմունքներով իրականցում է պետությունը: Օրինակ` 2010թ ընթացքում Դիլիջանի հակատուբերկուլյոզային առողջարանում բուժվել է 629 երեխա:


























