Ոստիկանության Աշտարակի բաժնի աշխատակիցները քիչ առաջ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխեցին Իրանի քաղաքացի Մոհամեդ Աքբարիին:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Բորյա Չիլինգարյանը միջնորդությամբ դիմել էր Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի խափանման միջոց երկամսյա կալանք կիրառվի իրանցի Մոհամեդ Աքբարիի նկատմամբ:
Դատարանը` դատարանի նախագահ Սուրեն Մնոյանի նախագահությամբ, դռնփակ դատական նիստում քննեց քննչական մարմնի միջնորդությունը եւ խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո բավարարեց այն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հունիսի 20-ի վաղ առավոտյան Ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ էր ստացվել, որ Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղի մոտ, ճանապարհին դանակահարված քաղաքացի կա: Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել էին, որ վիրավորվածը Երեւանի Ներքին Շենգավիթի 10-րդ փողոցի բնակիչ 43-ամյա Արմեն Կարապետյանն է: Նա «Ռենո Լոգան» տաքսի ծառայությունում աշխատում է որպես վարորդ:
Այդ օրը Երեւանի թիվ 137 դպրոցի մոտից անհայտ անձը նստել էր «Ռենո Լոգան» տաքսի ծառայության Տ 5144 համարանիշի ավտոմեքենան եւ պատվիրել իրեն տեղափոխել Աշտարակ, ապա նաեւ Ղազարավան գյուղ: Հասնելով գյուղ, վարորդը հանկարծ պարանոցի մասում սուր ցավ էր զգացել եւ նկատել, որ ուղեւորը ձեռքին եղած գրիչի վրա հարմարեցված սրիչ դանակով փորձում է կտրել իր պարանոցը: Ուղեւորը վնասել էր վարորդի պարանոցը, որից հետո վարորդն սկսել էր պաշտպանվել:
Նույն օրը ժամը 11:30-ի սահմաններում, ոստիկանության Արագածոտնի մարզի եւ Աշտարակի բաժնի աշխատակիցները Ղազարավան գյուղի տարածքից ոստիկանության Աշտարակի բաժին բերման էին ենթարկել Իրանի քաղաքացի, 30-ամյա Մոհամեդ Աքբարիին: Վերջինիս նկատմամբ նշանակվել էր բժշկական փորձաքննություն եւ հաստատվել, որ նա եղել է ոչ սթափ վիճակում: Նրա մոտ հայտնաբերվել էր գրիչի վրա հարմարեցված սրիչ դանակը:
Վիրավոր վարորդին տրվել էր դատաբժշկի ուղեգիր, իսկ Իրանի քաղաքացու դեմ հարուցվել էր քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանության փորձ):
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի




























