Թաիլանդը հետ է կանչել իր ստորագրությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության պահպանության մասին կոնվեցիայից, ինչը պայմանավորված է «համաշխարհային ժառանգության կոմիտեի կողմից Պրեահ Վահեար տաճարի կառավարման ծրագրի քննարկումը չհետաձգելու ցանկությամբ»:
Թաիլանդի պատվիրակության ղեկավար Սուվիտ Կհունկիտին հայտնել է, թե «Թաիլանդը կոմիտեին տեղեկացրել է բազմաթիվ վիճելի ձեւակերպումներ պարունակող նման ծրագրի քննարկմանը դեմ լինելու իր դիրքորոշման մասին »,- գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:«Հանձնաժողովն անտեսեց մեր դիմումը, չնայած որ այդ քայլը կարող է լրջորեն սրել իրավիճակը Թաիլանդի եւ Կամբոջայի սահմանին: Նրանց չեն հետաքրքրում մեր ինքնիշխանությունն ու տարածքները, նրանց մտահոգում է միայն տաճարի վիճակը, ընդ որում` մենք պատրաստ ենք դուրս բերել զորքերը, եթե Կամբոջան էլ նույն կերպ վարվի: Միայն զորքերի դուրս բերումը կարող է պահպանել օբյեկտը »,-ասել է պաշտոնյան:«Եթե ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնաժողովը, այնուամենայնիվ, քննարկի տաճարի ծրագիրը առանց մեր մասնակցության, կայացված որոշումները մեզ համար որեւէ ազդեցություն չեն ունենա», -ասել է Կհունկիտին:
Նշենք, որ Թաիլանդի եւ Կամբոջայի հարաբերությունները սրվել էին 2008թ-ին, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն տաճարը որպես կամբոջական հուշարձան էր ներառել իր ցուցակում: Տաճարը գտնվում է երկու երկրների սահմանի վրա, որտեղ դեռեւս սահմանազատում արված չէ եւ տարածքային վեճ կա:




























