ԱՄՆ-ը եւ արեւմտաեվրոպական երկրներն ամեն ինչ անում են` նավթի գներն արհեստականորեն նվազեցնելու համար: Նման հայտարարությամբ է հանդես եկել այսօր Նավթ արտահանող երկրների կազմակերպությունում (ՕՊԵԿ) Իրանի ներկայացուցիչ Մոհամադ Ալի Հաթիբին:
Իրանը, ի դեպ, հունվարից նախագահում է ՕՊԵԿ-ում:«ԱՄՆ-ի ճնշման ներքո Միջազգային էներգետիկ գործակալության` համաշխարհային շուկա նավթի չնախատեսված առաքումների մասին որոշումն իր հետ գների արհեստական նվազում է բերում», -նշել է Իրանի ներկայացուցիչը` ավելացնելով, որ այդ միտումը «շարունակական չի լինի», հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:«Միանգամայն հնարավոր է, որ ոչ հեռավոր ապագայում այդ երկրները ստիպված լինեն ավելի բարձր գնով նավթ գնել, քանի որ նրանց ռազմավարական պաշարները սահմանափակ են», - ասել է նա:
Նշենք, որ օրերս Միջազգային էներգետիկ գործակալության անդամ-երկրները որոշում էին կայացրել օգտագործել իրենց ռազմավարական պաշարները եւ մեկ ամսվա ընթացքում համաշխարհային շուկաներ առաքել 60 մլն բարել նավթ:




























