Այսօր ներդրումները գրեթե զրոյացել են, բայց ես չեմ կասկածում, որ այնպիսի մի տեմպ ենք հաղորդելու աշխատատեղերի առումով, որ մենք ենք փնտրելու լավ մասնագետներին: Այս մասին մայիսի 31-ին Շիրակի մարզի քաղաքացիների եւ «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը:
«Ես ձեզ խոստանում եմ, որ այնքան աշխատատեղ է լինելու, որ...: Այն ժամանակ այդպես էր, շինարարները չէին հերիքում Գյումրիում տարբեր տեղերից էինք բերում:
Այստեղ նաեւ արդյունաբերական հզորություններ պետք է լինեն, չես կարող միայն շինարարությամբ ամբողջ դաշտը փակել»,-ասաց նա:
Ռոբերտ Քոչարյանը խոսեց նաեւ սոցիալական բնակարանաշինության մասին. «Գյումրիում իմ նախագահության առաջին տարիներին բնակարաններ հատկացնում էինք, բայց տնակները չէինք քանդում, ինչը սխալ էր:
Տնակը ձեռքից-ձեռք էր անցնում, տնակային ապրելու բնավորություն էր ձեւավորվում: Հիմա կամ պետք է մարդկանց բնակարան տալ կամ բնակարան գնելու սերտիֆիկատ: Եթե նորը կառուցելն ավելի թանկ է, քան սերտիֆիկատ տրամադրելը, ապա պետք է գնալ սերտիֆիկատ տրամադրելու ճանապարհով: Դա մարդկանց սոցիալական խնդիրների լուծում է: Պետությունն իր վրա պետք է վերցնի այն մարդկանց համար, որոնք իրենց հնարավորություններով այդ վիճակից չեն կարող դուրս գալ»:











