Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ելույթ է ունեցել Կորեայի աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի նիստում: Մայիսի սկզբից ի վեր սա նրա առաջին հանրային ելույթն է, հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը:

Դրանից առաջ ԿԺԴՀ ղեկավարը հանրության առջեւ երեւացել էր մայիսի 6-ին: 2020-ի գարնանը նա «անհետացել էր» 20 օրով, ինչը նրա հնարավոր հիվանդության կամ նույնիսկ մահվան, ինչպես նաեւ կորոնավիրուսից թաքնվելու փորձի մասին լուրերի պատճառ էր դարձել:

«Գլխավոր քարտուղարը համառոտ ներկայացրել եւ վերլուծել է տարվա առաջին կեսին տարբեր ոլորտներում հիմնական քաղաքական խնդիրների կատարումը: Նա ընդգծել է, որ ներկայումս անհրաժեշտ է կուսակցության կենտրոնական կոմիտեի պլենում գումարել եւ ամփոփել տարվա առաջին կիսամյակում պետական առաջադրանքների կատարման արդյունքները` չլուծված խնդիրների հետ կապված իրավիճակը ժամանակին շտկելու նպատակով լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու համար»,- գրում է Կորեայի կենտրոնական տելեգրաֆային ՑՏԱԿ գործակալությունը: