Տեղեկատվական վեճերի նորաստեղծ խորհուրդը փորձագիտական եզրակացություն է հրապարակել պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի եւ «Երկիր» օրաթերթի գործի կապակցությամբ: Խորհուրդն, ուսումնասիրելով հոդվածը, եկել է այն եզրակցության, որ այն ընդհանուր առմամբ շարադրված է հումորային  ոճով եւ երանգավորմամբ, ինչն արտահայտվելու ազատության իրավունքի լրացուցիչ պաշտպանություն է ենթադրում, քանի որ այս ոճն ինքնին ենթադրում է որոշակի չափազանցություն: Նյութում տեղ գտած արտահայտությունները խորհուրդը համարել է գնահատողական, որոնք զուրկ չեն փաստական հիմքերից: «Դրանք հիմնված են բավարար փաստական հիմքերի վրա, այն է` պատգամավոր Տ. Արզաքանցյանի սեփական հայտարարությունների, հարցազրույցների, այլ լրատվամիջոցներում հրապարակված մի շարք հոդվածների ու տեղեկատվության, ինչպես նաեւ պաշտոնական տեղեկատվության հիման վրա»,-նշված է ՏՎԽ հաղորդագրության մեջ:

ՏՎԽ-ն եզրակացրել է, որ միջամտությունը լրատվամիջոցի արտահայտվելու ազատության իրավունքի իրականացմանը,  հրապարակումների մեջ տեղ գտած գնահատողական դատողությունների, փաստերի շարադրանքի մասով, անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակությունում, իսկ Հ. Բագրատյանի կողմից արված հայտարարությանը հղում կատարելու  մասով (որը պարունակում է «լակոտ» վիրավորական արտահայտությունը)` միջամտությունը պետք է խիստ համաչափ լինի հայցվորի պատվին ու արժանապատվությանը հասցված վնասին` հաշվի առնելով գործի հանգամանքները, լրատվամիջոցի գույքային դրությունը, ինչպես նաեւ փոխհատուցման չափը գնահատելիս ՄԻԵԴ-ի նախադեպային պրակտիկայում մշակված այլ սկզբունքները:

Խորհուրդը դատարանի կողմից սահմանված 200.000 ՀՀ դրամի չափով  բարոյական վնասի դրամական փոխհատուցումը համարել է անհամաչափ` նշելով, որ դատարանը կարող էր բավարարվել լրատվամիջոցին` ներողություն հրապարակելուն պարտադրելով Հ. Բագրատյանի կողմից արված հայտարարությանը հղում կատարելու  մասով (որը պարունակում է «լակոտ» վիրավորական արտահայտությունը):

Հիշեցնենք, որ պատգամավորն օրաթերթին դատի էր տվել «131 դեմք ու դիմակ» վերտառությամբ հոդվածի համար, համարելով, որ դրանում կան իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորող բաներ: Դատարանը Արզաքանցյանի դիմումը բավարարել էր մասամբ, նրա պահանջած 3 միլիոնի դիմաց թերթին պարտավորեցնելով 200 հազար դրամի փոխհատուցում վճարել: