ՆԱՏՕ-ն նախազգուշացնում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյին Միության արեւելյան թեւում ապակայունացումից: Այդ մասին WELT AM SONNTAG-ին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«ՆԱՏՕ-ն պաշտպանողական միություն է: Ես չեն ցանկանում շատ մանրամասնել, սակայն մենք զգոն ենք եւ ուշադիր հետեւում ենք, թե ինչ է տեղի ունենում Բելառուսում: Արտակարգ իրավիճակում մենք, իհարկե, պատրաստ ենք պաշտպանել յուրաքանչյուր դաշնակցին Մինսկի եւ Մոսկվայի ցանկացած սպառնալիքից»,-նշել է նա: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ Բելառուսում իրավիճակը եւս կլինի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ քննարկման առարկա, որին կմասնակցի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ինչպես նաեւ կանցլեր Անգելա Մերկելը:
Ստոլտենբերգն ասել է, որ Բելառուսը դառնում է «էլ ավելի կախյալ» Ռուսաստանից. «Դաշնակիցները լուրջ մտահոգություն ունեն վերջին ամիսներին Մոսկվայի եւ Մինսկի միջեւ սերտ համագործակցության առնչությամբ»: ՆԱՏՕ-ի աճող մտահոգության համատեքստում Ստոլտենբերգը նշել է, որ նախկինում Ռուսաստանը խախտել է այնպիսի պետությունների տարածքային ամբողջականությունը, ինչպես Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան, նաեւ Լիտվան, Լատվիան եւ Լեհաստանը, որոնք սահմանամերձ են Բելառուսի հետ: ՆԱՏՕ-ի ղեկավարն ընդգծել է, որ Բելառուսի հետ գործընկերության մասին գործող համաձայնագիրը վերջերս զգալի չափով կրճատվել է եւ հետագայում նույնպես կվերանայվի:





























