Հաագայի միջազգային քրեական դատարանը Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիին ձերբակալելու թույլտվություն է տվել: Reuters-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է դատարանի դատավոր Սանջի Մմասենոնո Մոնագենգը:
Ավելի վաղ քրեական դատարանի դատախազը կոչ էր արել դատավորներին կալանքի սանկցիա տալ Քադաֆիի, նրա որդի Սեյֆ ալ-Իսլամի ու հետախուզության ղեկավար Աբդուլլա ալ-Սանուսիի նկատմամբ:
Մուամար Քադաֆիին մեղադրանքներ են առաջադրվել այս տարվա փետրվարին հակակառավարական ցույցերի մասնակիցների նկատմամբ ուժ կիրառելու համար: Ըստ դատախազների, Քադաֆիի հրամանով հարվածներ են հասցվել բնակելի թաղամասերի, անգամ մզկիթների վրա: Ըստ մեղադրանքի, Քադաֆիի որդին եւ հետախուզության պետը եւս պատասխանատվություն են կրում բռնությունների համար:
Տրիպոլին պնդում է, որ Լիբիայի վրա չի տարածվում Հաագայի դատարանի իրավասությունը, քանի որ երկիրը չի ստորագրել ՄՔԴ կանոնադրությունը:




























