ԱՄՆ առեւտրի դաշնային հանձնաժողովը զբաղվելու է Google-ի բիզնես-պրակտիկայի ուսումնասիրությամբ, ընկերությունն արդեն ստացել է համապատասխան ծանուցումը:
Ինչպես գրում է «Կոմպյուլենտան», վկայակոչելով Bloomberg-ը, ընկերությանն առայժմ որեւէ մեղադրանք չի ներկայացվել: FTC-ն մտադիր է պարզել` չի ոտնահարում արդյոք Google-ի դիրքը ինտերնետ-շուկայում մրցակիցների եւ օգտվողների շահերը: Հետաքննությունը վերաբերելու է վեբ-որոնման համակարգին եւ առցանց- գովազդին:
Գործընթացն, ըստ ամենայնի, կձգվի ամիսներ, եւ կառնչվի ոչ միայն Google-ին, այլեւ ընկերության գործընկերներին: Google-ում նշել են, որ մտադիր են համագործակցել FTC-ի հետ ու պատասխանել բոլոր հարցերին:
comScore-ի տվյալներով, միայն մայիսին Google-ը վերահսկել է ԱՄՆ ինտերնետ շուկայի 66 տոկոսը: Համեմատության համար նշենք, որ Yahoo!-ն եւ Microsoft-ը վերահսկում են համապատասխանաբար 16 եւ 14 տոկոսը:




























