Հունիսի 28-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում եւ հունիսի 29-ին Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում պետական բյուջեի ֆինանսավորմամբ եւ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության նախաձեռնությամբ տեղի կունենան աշխատանքի տոնավաճառներ:

Այս  աշխատանքի տոնավաճառները 2011թ-ի ընթացքում պետական բյուջեի ֆինանսավորմամբ նախատեսված տոնավաճառներից առաջինն  են: Հրազդանում դրանց մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 40  գործատու, որոնք նախատեսում են ներկայացնել շուրջ 110 առկա եւ  82 կանխատեսվող թափուր աշխատատեղ:  Կանխատեսվում է, որ տոնավաճառին կմասնակցի շուրջ 1000 աշխատանք փնտրող:

Սեւանում կներկայանա շուրջ 46 գործատու, որոնք նախատեսում են ներկայացնել շուրջ 118 առկա  եւ 139 կանխատեսվող թափուր աշխատատեղ:  Կանխատեսվում է, որ տոնավաճառին կմասնակցի շուրջ 600 աշխատանք փնտրող:

2010թ-ի ընթացքում   պետական բյուջեի ֆինանսավորմամբ եւ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության նախաձեռնությամբ տեղի է ունեցել վեց աշխատանքի տոնավաճառ` Գավառ, Վանաձոր, Իջեւան, Գյումրի, Աբովյան եւ Երեւան քաղաքներում:

Նշենք, որ Կոտայքի մարզում  2011թ.-ի հունիսի 1-ի դրությամբ, աշխատանք փնտրողների թիվը կազմում է 8004, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 12.3 %-ով (9131 մարդ): Շարունակում է բարձր մնալ  գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի  69.0%-ը, կամ 4788 մարդ: Գործազուրկների թվաքանակում մեծ թիվ են կազմում, ինժեներները, բուժքույրերը, հաշվապահները, ֆինանսիստները, մանկավարժները, տեխնիկները,  վաճառողները, օպերատորները, վարորդները եւ այլն:

Աշխատանք փնտրողների թվաքանակի մեջ մեծ  թիվ են կազմում աշխատաշուկայում անմրցունակ անձինք, հատկապես 3 տարուց ավելի գործազուրկի  կարգավիճակում  գտնվողները  (1314 մարդ կամ 18.9 % ) եւ հաշմանդամները (108 մարդ կամ  չզբաղվածների 1.5 %-ը):  

Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 386 աշխատանք փնտրող:

Գեղարքունիքի մարզում  2011թ.-ի հունիսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 7439, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 11.1 %-ով (8365 մարդ): Շարունակում է բարձր մնալ  գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի  66.9%-ը, կամ 3680 մարդ: Գործազուրկի կարգավիճակ ունեցողների  19.2 %-ը գյուղաբնակներ են:

Գործազուրկների թվաքանակում մեծ թիվ են կազմում, ինժեներները, բուժքույրերը, հաշվապահները, ապրանքագետներ, մանկավարժները, տեխնիկները, մեքենագրուհիները, վաճառողները, օպերատորները, վարորդները եւ այլն:

Աշխատանք փնտրողների թվաքանակի մեջ մեծ  թիվ են կազմում աշխատաշուկայում անմրցունակ անձինք, հատկապես 3 տարուց ավելի գործազուրկի  կարգավիճակում  գտնվողները  (2192 մարդ կամ 39.9 % ) եւ հաշմանդամները (125 մարդ կամ  չզբաղվածների 2.2 %-ը):  

Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 246 աշխատանք փնտրող: