Ոսկու գինը միջազգային շուկաներում այսօր` հունիսի 27-ին սկսել է նվազել այն սպասումների ազդեցությամբ, որ Եվրամիությունը կօգնի Հունաստանին խուսափել դեֆոլտից: Այդ սպասումները ներդրողների մոտ նվազեցնում են պահանջարկը թանկարժեք մետաղների նկատմամբ` դրանք այլեւս չեն գնահատվում որպես առավել հուսալի ակտիվներ:

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու 1 ունցիայի գինն այսօր իջել է 1500 դոլարից ցած եւ կազմել 1495 դոլար: Ոսկու էժանացմանը նպաստում է նաեւ դոլարի ամրապնդումը:

Նշենք, որ ոսկու գինը 2010 թ. աճեց 30 տոկոսով, սակայն այս տարվա հունվարին կրկին նվազեց: Արդեն մարտից ոսկու գինը սկսեց իր ռեկորդային աճը, իսկ ապրիլին 1 ունցիայի գինը գերազանցեց 1500 դոլարը: Հիմնական պատճառը Եվրոպայի պարտքային ճգնաժամն էր, եւ աշխարհի տարբեր երկրներում բարձր գնաճը:

Ոսկու գինն իր պատմական առավելագույն բարձրակետին է հասել մայիսի 2-ին` 1557.4 դոլար 1 ունցիայի համար: