Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հունիսի 27-ին 10-օրյա վարժանքներ է սկսել, որոնց շրջանակներում հրթիռային մեկնարկներ են լինելու, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Reuters-ը:

Վարժանքների հրամանատար, գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել է, թե «Մեծ մարգարե 6» վարժանքների ժամանակ մերձավոր, միջին եւ հեռավոր հեռահարության հրթիռների փորձարկումներ են լինելու:

Նրա խոսքով, ծովային եւ ցամաքային մանեւրները «տարածաշրջանի այլ երկրներին ուղղված խաղաղության եւ բարեկամության ուղերձ են լինելու»: Գեներալն ընդգծել է, թե դրանք ուղղված չեն որեւէ այլ երկրի կամ խմբի դեմ, իսկ հրթիռները ցուցադրում են հարձակումները ետ մղելու Իրանի պատրաստակամությունը: Այդ հրթիռները առանձնակի զայրույթ են առաջացնում Իսրայելում:

Իրանական որոշ հրթիռներ (օրինակ «Շահաբ-3»-ը) կարող են հասնել մինչեւ Իսրայելի տարածք: