Ճնշում բանեցնելով հայ համայնքի վրա եւ ստիպելով ապամոնտաժել ռուսական բանակի գեներալ Անդրանիկ Օզանյանի հուշարձանը` Սոչիի իշխանությունները խախտել են Դաշնային օրենքը եւ Կրասնոդարի նահանգապետի հրահանգը, որոնք թույլատրում են հայերին դնել այդ հուշարձանը: NEWS.am-ին հղած նամակում նման կարծիք է հայտնել Կերաշեւի անվան Հումանիտար հետազոտությունների Ադիգեյական հանրապետական ինստիտուտի աշխատակից Միխայիլ Կուդինը:
Կրասնոդարի մարզի վարչակազմի ղեկավարի հրահանգը մշակվել է«Ռուսաստանի ռազմական փառքի եւ հիշարժան օրերի մասին» դաշնային օրենքին համապատասխան, որով թույլատրվում է հավերժացնել Գեորգիեւյան շքանշանակիրների հիշատակը: «Գեներալ Անդրանիկը Սուրբ Գեորգիի Շքանշանակիր էր եւ բազմիցս արժանացել է Ռուսական բանակի հրամանատարության դրվատանքին, եւ նրան գեներալի կոչում է տրվել, նա անմիջական առնչություն ունի Հայրենիքի Հերոսների հետ, հետեւաբար Հայրենիքի հերոսների Օրվա օրենքը պետք է տարածվեր նրա հուշարձանի վրա»,- կարծում է գիտնականը:
Կուդինի կարծիքով, պատահական չէ, որ Սոչիի իշխանությունները հրաժարվել են գրավոր եւ իրավաբանորեն ձեւակերպված որեւէ փաստաթուղթ ներկայացնել հայ համայնքին ապամոնտաժման պահանջի համար:
«Եթե Անդրանիկի հուշարձանի տեղադրումը հարուցել է Թուրքիայի նման դժգոհությունը եւ Սոչիի իշխանությունները տրվել են թուրքական շանտաժին, ինչո՞ւ ձեռքի հետ էլ չքանդեն ծովակալ Ֆյոդոր Ուշակովին նվիրված տաճարը, նա ախր թուրքերի դեմ էր կռվում: Կարելի է նաեւ ավելի հեռուն գնալ եւ անվանափոխել Լազարեւսկի շրջանը: Միխայիլ Լազարեւը ոչ միայն թուրքական նավերն է կործանել, այլեւ հայկական արմատներ է ունեցել»,- գրել է Միխայիլ Կուդինը:
Գիտնականը միաժամանակ հույս է հայտնում, որ Սոչիի իշխանությունները կվերանայեն իրենց որոշումը: «Մեր հողում նապոլեոնյան բանակի զինվորներին նվիրված հուշարձան կա: Եթե թշնամական բանակի զինվորներն են հուշարձանի արժանացել, Ռուսական կայսրության սահմանների պաշտպան Անդրանիկ Օզանյանը ավելի արժանի է հուշարձանի»,- կարծում է գիտնականը:
Նշենք, որ Սոչիի Լազարեւսկի շրջանի Վոլկոնկա գյուղում մայիսի 28-ի գիշերը` պաշտոնական բացումից առաջ ապամոնտաժվել էր գեներալ Անդրանիկին նվիրված հուշարջանը: Ապամոնտաժումն արել էին Ռուսաստանի հայերի միության տեղական կառույցը Սոչիի իշխանությունների ճնշման տակ:




























