Շիրակի մարզում հունիսի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Գյումրի-Մարմարաշեն խճուղում:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 27-ին ժամը 22:30-ի սահմաններում, Գյումրիի հիվանդանոցից հայտնել են ոստիկանության Գյումրիի բաժին, որ մարմնի տարբեր մասերում ստացած վնասվածքներով, անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 48-ամյա Սամվել Սարգսյանը, ով գիտակցության չգալով հիվանդանոցում մահացել է:
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Գյումրիի բաժնի օպերատիվ քննչական խումբը` քննիչ Տ. Մկրտչյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ Սամվել Սարգսյանը ժամը 22:20-ի սահմաններում Գյումրի-Մարմարաշեն խճուղու 2-րդ կմ-ում վարելով Volkswagen Golf մակնիշի 20 ՍԼ 742 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ շրջվել, որի հետեւանքով էլ վնասվածքներ է ստացել եւ հիվանդանոցում մահացել:
Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:




























