Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հունիսի 28-ին այցելել է մայրաքաղաքի Աջափնյակ համայնքում գտնվող Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Նա շրջայց է կատարել ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին եւ ծրագրերին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանին ներկայացվել է, որ «Էփիջի Լէբս ԷյԷմ» ՍՊԸ կողմից իրականացվող մեծածավալ շինարարական աշխատանքների արդյունքում կառուցվել է 6 հարկից բաղկացած տեխնոպարկի 1-ին մասնաշենքը, որտեղ իրականացվելու են Թումո կենտրոնի ծրագրերը:

Նշվել է, որ «Էփիջի Լէբս ԷյԷմ» ՍՊԸ կողմից հիմնված Սիմոնյան հիմնադրամի նախաձեռնությամբ ստեղծված Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի նպատակն է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման միջոցով իրականացնել կրթական ծրագրեր, երիտասարդությանը համաշխարհային տեխնոլոգիական ձեռքբերումներին ծանոթացնելու համար կազմակերպել եւ անցկացնել դասընթացներ, սեմինարներ եւ այլն: Թումոն ծառայելու է իբրեւ բաց ստուդիա հայ դեռահասների համար, որտեղ նրանք կկառուցեն իրենց հմտությունները՝ ստեղծագործելով եւ ստեղծելով իրենց իսկ նախագծերը:

Կենտրոնի բացումը նախատեսված է օգոստոսի 14-ին:  2012թ-ից Թումոն տեղի եւ արտերկրացի դեռահասների համար կունենա նաեւ ամառային ուսումնական ծրագիր՝ հանդես գալով իբրեւ ամառային ճամբար: