Ռուս եւ հայ փորձագետները քիչ հավանական են համարում ռազմական գործողությունների վերսկսումը ղարաբաղյան հակամարտության գոտում:
Ինչպես Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջի ընթացքում հայտնել է ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի ղեկավար Ալեքսանդր Մարկարովը, Բաքուն չի համարձակվի իրականացնել իր ռազմատենչ սպառնալիքները, քանի որ նման որոշումների իրականացումը կախված է ոչ այնքան Բաքվից, որքան միջազգային հանրությունից:
Նա նաեւ ընդգծել է, թե Ադրբեջանի «ռազմատենչ ջրաղացին» ջուր է լցնում Թուրքիան, որը Բաքվին սադրում է խստացնել իր դիրքերը ղարաբաղյան խնդրում: «Իսկ դա իր հերթին սադրում է հայկական կողմին նույնպես հանդես գալ ավելի կոշտ դիրքերից»,- ասել է փորձագետը:
Քաղաքագետ Կարեն Բեքարյանն իր հերթին նկատել է, որ եթե Բաքուն պատրաստ լիներ ռազմական գործողությունների, վաղուց իրականացրած կլիներ սպառնալիքները: Նա ընդգծել է, թե պարադոքսն այն է, որ Ադրբեջանին հաջողվել է համոզել միջազգային հանրությանը, որ ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելւ մեծ զիջում է իր կողմից:
Ռուս փորձագետ Վլադիմիր Զախարովը նշել է, որ ադրբեջանական բանակի բարոյահոգեբանական վիճակն այնքան էլ բարձր չէ: «Ես գիտեմ, թե ինչ են խոսում Ռուսաստանում ապրող ադրբեջանցիները, նրանք ասում են, թե չեն կռվի Լեռնային Ղարաբաղի համար, քանի որ դա իրենց պետք չէ»,- նշել է փորձագետը:



























