Հայաստանի ԱԱԾ քննչական վարչությունում ավարտվել է Մ. Թումասյանի կողմից բանկային քարտերի եւ հաշվեհամարների հետ կապված տարատեսակ զեղծարարությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ  հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է  մեղադրական եզրակացությունը:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ  Մ. Թումասյանը 2008 թվականի սեպտեմբերի սկզբներին, գտնվելով Մոսկվայում, համացանցային շփումների ընթացքում ծանոթացել է քննությամբ դեռեւս չպարզված` Loader կեղծանուն օգտագործող անձնավորության հետ, որը պատրաստակամություն է հայտնել տրամադրել ԱՄՆ Citibank բանկի կողմից թողարկված բանկային քարտերի մագնիսական ժապավենների վրա գրառված տեղեկությունները` բանկային քարտերի կեղծ կրկնօրինակներ պատրաստելու եւ Citibank-ի ԱՄՆ-ում գործող բանկոմատներից գումարներ հափշտակելու համար:

Նշված հանցավոր մտահղացումն իրագործելու շուրջ ձեւավորվել է կայուն կազմակերպված խումբ, որի անդամները տեւական ժամանակ` 2008 թվականի սեպտեմբերից մինչեւ նոյեմբեր ամիսը գործել են տարբեր պետությունների` Ռուսաստանի, Մեքսիկայի եւ ԱՄՆ-ի տարածքներում, կապ պաշտպանել համացանցի միջոցով եւ Citibank-ի եւ «7-11» ցանցի խանութների բանկոմատներից ԱՄՆ տարածքում  2008 թվականի սեպտեմբերից մինչեւ նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում կանխիկ փողի տեսքով գողացել են առնվազն 134.178.839 դրամին համարժեք 436.500 ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերի գումար:

Մ. Թումասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, 203 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 190 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 38-325 հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործն ուղարկվել է Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար: