Կառավարությունում այսօր` հունիսի 28-ին տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օրակարգի առաջին հարցով հաստատվել են Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի 2010թ. ֆինանսատնտեսական գործունեության անկախ աուդիտ իրականացնող կազմակերպության կողմից ներկայացված ֆինանսական հաշվետվությունները եւ անկախ աուդիտորական եզրակացությունը:

Հիմնադրամի տնօրեն Տիգրան Խանիկյանը ներկայացրել է Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի 2011-2015թթ. ռազմավարական զարգացման ծրագրի նախագիծը:

Ծրագրով սահմանվում են առաջիկա հինգ տարվա ընթացքում FREDA-ի գործունեության հիմնական մոտեցումներն ու սկզբունքները, որոնց նպատակը գյուղական շրջաններում ձեռնարկություններին, դրանց աշխատակիցներին եւ մատակարարներին օժանդակելն է:  Նա տեղեկացրել է, որ 2011թ. հիմնադրամի ներդրումային պորտֆելի ընդհանուր ծավալը կազմում է 1,6 մլրդ ՀՀ դրամ, որի շրջանակում նախատեսվում է գյուղատնտեսական մթերքների վերամշակման ոլորտում ծրագրեր իրականացնել:

Մասնավորապես, խոսքը վերաբերում է կաթնամթերքի արտադրության, մրգերի եւ բանջարեղենի պահածոյացման, գինու արտադրության, թռչնաբուծության, ձկնաբուծության եւ վերամշակման, ինչպես նաեւ սառը պահեստավորման հարմարությունների եւ ջերմոցների ստեղծման ուղղությամբ ներդրումային ծրագրերի իրականացմանը: Ներկայացված փաստաթուղթը հաստատվել է հոգաբարձուների խորհրդի կողմից:

Մեկ այլ հարցով խորհուրդը որոշել է FREDA-ի Ներդրումային կոմիտեի կազմում ընդգրկել նոր այլընտրանքային անդամի եւ համապատասխան փոփոխություններ կատարել Ներդրումային կոմիտեի կանոնակարգում: Վարչապետ Սարգսյանը հանձնարարել է խորհրդի անդամներին ներկայացնել առաջարկություններ հնարավոր թեկնածուի վերաբերյալ: Արծարծվել է նաեւ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում փոփոխություններ կատարելու հարցը: