Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին առաջիկա օրերին COVID-19-ի դեմ իրանական արտադրության պատվաստանյութով կպատվաստվի: Այս մասին հայտարարել է Իրանի բժշկական գիտությունների ակադեմիայի (IAP) նախագահ Սեյեդ Ալիռեզա Մարանդին, հաղորդում է Mehr-ը:

Նա նշել է, որ երկրի առողջապահության նախարարությունը թույլատրել է COV-Iran Barekat-ի արտակարգ օգտագործումը:

«Իսլամական հեղափոխության առաջնորդն ընդգծում է, որ պատվաստվելու է իրանական պատվաստանյութով: Այս պատվաստանյութը իրանցի երիտասարդ գիտնականների ջանքերի արդյունք է եւ իմունիտետի բարձր մակարդակ է ստեղծում»: Այաթոլլահ Խամենեին պատվաստման համար երկու պայման է դրել, նախ` պատվաստումն արտահերթ չի իրականացվի, եւ երկրորդ` պատվաստանյութը պետք է իրանական լինի:

«Դա էր պատճառը, որ նա հրաժարվեց արտասահմանյան պատվաստանյութ ստանալ, երբ Իրանում 80-ից բարձր տարիքի մարդկանց սկսեցին պատվաստել»: