Այն, ինչ տեղի է ունենում հայկական բորսայում` կարելի է միանշանակ անվանել փախուստ դոլարից: Բանկերը ձգտում են շուտափույթ ազատվել դոլարից, ինչի հետեւանքով այն կտրուկ արժեզրկվում է: Այսօր` հունիսի 29-ին «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 368.07 դրամ` երեկվա համեմատ արժեզրկվելով 0.58 տոկոսով: Սա 2011 թ. փոխարժեքի ամենամեծ տատանումներից մեկին է, եւ զիջում է միայն ապրիլի 26-ի տատանումը, երբ դոլարի փոխարժեքը ֆոնդային բորսայում 373 դրամից իջավ մինչեւ 362 դրամ:

Չի բացառվում, որ Կենտրոնական բանկն այսօր ուշացած միջամտել է փոխարժեքին, քանի որ գործարքների ծավալները համեմատաբար մեծ են` 6.2 մլն դոլար:

Այնուամենայնիվ` փոխարժեքի այս տատանումները տեղի են ունենում ԿԲ չարդարացված պասիվ դիրքորոշման պարագայում:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 12-ին իր մոտ հրավիրած խորհրդակցության ժամանակ հայտարարեց, որ դրամի արժեւորումը տնտեսության եւ ներքին արտադրողի  համար անբարենպաստ եւ անընդունելի երեւույթ է: Ճիշտ է` նախագահի հայտարարությունը չի ենթադրում, որ դոլարը անընդհատ արժեզրկվելու է, սակայն ԿԲ-ն կարող էր ավելի ակտիվ դերակատարում ունենալ փոխարժեքի կայունության ապահովման գործում, ինչպես որ անում է դրամի արժեզրկումը կանխելիս: Դոլարի փլուզումն այսօրվա գործարքներում հետեւանք է ԿԲ-ի պասիվ վարքագծի: