Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը ծանոթացել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում իրականացվող աշխատանքների ընթացքին, նախատեսվող ծրագրերին ու խնդիրներին:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ առաջին խնդիրը, որ առաջադրվել է Կարեն Կարապետյանի կողմից, փողոցներին հարակից սիզամարգերի ու մայրուղիների միջանկյալ հատվածների կանաչ տարածքների խնամքը պատշաճ կազմակերպելն էր:
Քաղաքապետը հանձնարարել է բարեկարգման ու կանաչապատման աշխատանքներ իրականացնել նաեւ «Հաղթանակ» զբոսայգու մուտքին հարող հատվածում:
Շրջայցի ընթացքում նա ծանոթացել է նաեւ բակերում իրականացվող բարեկարգման ու խաղահրապարակների տեղադրման աշխատանքների ընթացքին:
Որոշ բակային տարածքներում քաղաքապետը հանձնարարել մաքրել բնակիչների կողմից ապօրինի հողազավթած տարածքներն ու փոխարենը բնակիչների համար հանգստի հարմարավետ գոտիներ ստեղծել:
Կարեն Կարապետյանը եղել է նաեւ «Դավիթ Անհաղթի» անվան պուրակում, որի սպասարկումը մասնավոր ընկերություն է իրականացնում: Այստեղ ապահովված էին պարտադիր բարեկարգման նորմերն ու պայմանագրային պարտավորությունները:
Շրջայցից հետո քաղաքապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել վարչական շրջանի աշխատակազմի հետ:
Անդրադառնալով աղբահանության կազմակերպման խնդիրներին, քաղաքապետը հանձնարարել է շարունակել պայմանագրային դաշտի կարգավորումը եւ ապահովել հավաքագրումների ցուցանիշը: Կարեն Կարապետյանն առաջարկել է գոյացած տնտեսումների հաշվին աղբահանության մեքենաների վրա տեղադրել GPS համակարգ, որպեսզի համաժամանակյա ռեժիմի միջոցով աղբահանության կազմակերպման ողջ գործընթացն առավել վերահսկելի եւ արդյունավետ լինի:




























