2012 թ. Հայաստանի կենտրոնական մարզերի (Արմավիր, Արագածոտն, Արարարտ եւ Կոտայք) եւ Երեւանի բնակիչների հետ կսկսեն կնքվել թվային ռադիոհեռուստատեսության անցնելու մասին պայմանագրերը: Այդ մասին նշված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից կառավարության հաստատմանը ներկայացված միջոցառումների ծրագրում:
Պայմանագրերը պետք է կնքի «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն: 2012 թ. առաջին կիսամյակի ընթացքում պայմանագրեր կկնքեն նաեւ մյուս մարզերի բնակիչները: 2014 թ. վերջում անալոգային հեռարձակման ողջ ցանցը կանջատվի եւ կապամոնտաժվի:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 2009 թվականի նոյեմբերին հաստատել է «Ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին անցման հայեցակարգը», որի համաձայն սահմանվել է ՀՀ-ում հեռուստառադիո-հաղորդումների անալոգային հեռարձակման համակարգից թվային հեռարձակման համակարգին անցման ռազմավարությունը:
Ժամանակացույցի համաձայն` այս տարի պետք է ավարտին հասցվեն թվային հեռարձակմանն անցնելու նախապատրաստական աշխատանքները, այդ թվում` ազգային ստանդարտների մշակումը եւ ընդունումը:




























