Աֆղանստանում կշարունակվի նաեւ տնտեսական եւ քաղաքական աջակցությունը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանիի հետ հանդիպմանը:
Բայդենը բանակցություններից առաջ, որին մասնակցում էր նաեւ Աֆղանստանի ազգային հաշտեցման գերագույն խորհրդի ղեկավար Աբդուլլահ Աբդուլլահը, ասել է. «Հաճելի է տեսնել երկու հին ընկերների: Մենք շատ ու շատ անգամներ ենք հանդիպել Աֆղանստանում, եւ նրանք ողջունվում են այստեղ: Նրանք հնարավորություն ունեցան հանդիպել վարչակազմի բոլոր հիմնական դերակատարների հետ՝ սկսած պաշտպանության նախարարից մինչեւ ԿՀՎ»:
Բայդենը նշել է, որ ամերիկյան զորքերի դուրսբերմամբ Աֆղանստանի եւ ԱՄՆ-ի գործընկերությունը չի ավարտվում, հակառակը, այն կշարունակվի տնտեսական եւ քաղաքական օգնության ցուցաբերման, ինչպես նաեւ Աֆղանստանի զինված ուժերին աջակցության համատեքստում: «Նրանք կարեւոր աշխատանք են կատարում` փորձելով ամբողջ աշխարհում միասնություն ստեղծել աֆղանական առաջնորդների միջեւ: Նրանք պետք է կարողանան դրան հասնել: Աֆղանները պետք է որոշեն իրենց ապագան, որոշեն, թե ինչ են ուզում,- ասել է նա: «Պետք է դադարեցնել անիմաստ բռնությունը: Դա շատ դժվար կլինի, բայց մենք կմնանք ձեզ հետ եւ կանենք ամեն ինչ, որպեսզի ապահովեք այն ամենը, ինչ ձեզ հարկավոր է դրա համար»,- խոստացել է Բայդենը:
Իր հերթին, Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին շնորհակալություն է հայտնել ամերիկացիներին, ովքեր «պատվով եւ արժանապատվությամբ» ծառայել են Աֆղանստանում: Նա նաեւ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ղեկավարությանը՝ նշելով, որ ԱՄՆ-ն այս տարիների ընթացքում «ոչ արյուն է խնայել, ոչ էլ փող»:
Գանին Բայդենի՝ զորքերի դուրս բերման որոշումը պատմական է անվանել: Այս որոշումը, շեշտել է նա, ստիպեց ամեն ինչ վերահաշվարկել եւ վերանայել: «Մենք մեր հարաբերությունների նոր գլուխ ենք սկսում, որտեղ Միացյալ Նահանգների հետ գործընկերությունը կլինի ոչ թե ռազմական, այլ համապարփակ: Եվ մենք դրանից շատ քաջալերված եւ գոհ ենք»,- ասել է Գանին:
«Մենք վճռական ենք միասնության ապահովման հարցում եւ ոչինչ չենք խնայի դրա համար: Ի գիտություն, Աֆղանստանի պաշտպանության եւ անվտանգության ուժերն այսօր վերագրավել են վեց տարածք՝ ինչպես հարավում, այնպես էլ հյուսիսում: Դա ցույց է տալիս մեր վճռականությունը»,- հայտարարել է նա: Գանին շեշտել է, որ «մեծ փոփոխությունների պահերին շատ բան է պատահում», բայց բոլոր դժվարությունները կհաղթահարվեն:





























