Ներկա պահին 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի քննության գործով որեւէ առաջխաղացում չկա: Այս մասին այսօր` հունիսի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի Հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը:
Հիշեցնենք, որ գլխավոր դատախազությունը լրագրողների համար պարբերաբար «բաց դռների օր» է կազմակերպում` հասարակությանը մարտի 1-ի գործի մասին ավելի հանգամանալից տեղեկատվություն ապահովելու նպատակով:
Հարությունյանի խոսքով, վերջին շրջանում հարցաքննվել է շուրջ 100 նոր վկա, նշանակվել են փորձաքննություններ, ավելի քան 20 քննչական միջոցառումներ, որոնք դեռ որոշակի արդյունք չեն տվել:
Այս կապակցությամբ, Վահագն Հարությունյանն ընդգծել է, որ հետաքննությունն ակնկալում է քաղաքացիների աջակցությունը, մասնավորապես, 10 զոհերի հանգամանքները պարզելու հարցում:
Ինչ վերաբերում է մարտի 1-ի զոհերից մեկի` Գոռ Քլոյանի հոր` Սարգիս Քլոյանի հայտարարությանը, ըստ որի ինքը լրացուցիչ տեղեկություններ ունի, թե ով է իր որդուն սպանողը, Վ. Հարությունյանը նշել է, որ ինքը հարցաքննել է Ս. Քլոյանին, որից երեւում է, որ նրա հայտարարությունները հիմքից զուրկ են: Հիշեցնենք, որ պաշտոնապես հայտնի են այն 4 ոստիկանների անունները, ովքեր «Չերյոմուխա-7» հատուկ միջոց են կիրառել, որից էլ մահացել է Գոռ Քլոյանը եւ եւս 2 ցուցարար:
Քննչական խմբի ղեկավարն անդրադարձել է նաեւ մարտի 1-ի դեպքերի մասին ինտերնետում հայտնված տեսանյութի փորձաքննությանը, նշելով, որ մոնտաժի հետքեր չեն հայտնաբերվել, սակայն տեսանյութում երեւացող մարդկանց նույնականացում անել չի հաջողվի:
Ինչ վերաբերում է կադրում երեւացող զենքին, ապա պետք է բալիստիկ փորձաքննություն իրականացնել, եւ չի բացառվում, որ հայկական կողմը օգնության համար դիմի օտարերկրյա մասնագետներին:
Հայաստանի երեք նախագահներին հարցաքննելու հնարավորությանն մասին հարցին ի պատասխան, Վ. Հարությունյանն ասել է, որ դեռեւս դա անհրաժեշտ չեն համարում: «Եթե անհրաժեշտություն ծագի, նրանք անպայման կհարցաքննվեն»,- ամփոփել է նա:
Նշենք, 2008-ի մարտի 1-ին Երեւանում իշխանությունները ուժ կիրառեցին նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող բազմահազարանոց ցուցարարների նկատմամբ: Նախ մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանությունը բռնությամբ ցրեց Ազատության հրապարակում շուրջօրյա ակցիաների մասնակցող ցուցարարներին, ապա նույն օրը երեկոյան իշխանությունները զենք կիրառեցին ցուցարարների նկատմամբ, որի հետեւանքով 10 մարդ զոհվեց, այդ թվում 2 զինծառայողներ: Երեւանում 20 օրով հայտարարվեց արտակարգ դրություն, ձերբակալվեցին ընդդիմության 100-ավոր անդամներ:




























