Տիգրան Կարապետյանի նախաձեռնած Ազգային ճակատը ցանկանում է հիմք դնել այն համակարգին, որը միտված կլինի սոցիալական արդարությունն ու ժողովրդավարությունը վերականգնելուն, անկախ պետականության հզորացմանն ու հեղինակության բարձրացմանը, ներքին կայունության հաստատմանը: Այս մասին այսօր` հունիսի 29-ին, Կառավարության նիստերի դահլիճում` քաղաքացիներին ուղղված իր կոչում հայտարարել է Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը:
Նշենք, որ այսօր Կարապետյանի նախաձեռնած Ազգային ճակատը կիսադատարկ դահլիճում անցկացրել է իր համաժողովը: Նա իր ելույթում նշել է, որ իշխանությունը ժողովրդի ձեռքում չէ, և քանի որ իշխանությունը չի կարողանում ապահովել արդարություն, իրենք ուզում են, որ այդ իշխանությունը հեռանա:
«Մենք գտնվում ենք անդունդի եզրին: Քսան տարի է ինչի՞ մասին են բանակցում Ղարաբաղի հարցի շուրջ: Ինչի՞ մասին են երկխոսում իշխանությունն ու ընդդիմությունը: Մենք լուրջ ձեւով, շատ լուրջ ձեւով ցանկանում ենք, որ մեր երկիրը ավելի արդար լինի, եւ այստեղ ես կարեւորում եմ, որ արդարությունը լինի սոցիալական, սոցիալիստական»,- ասել է Կարապետյանը: Նա նշեց, որ իրենք ուզում են այնպիսի երկիր ստեղծել, որտեղ օլիգարխները մուտք չունենան պետական ատյաններ:




























