Սննդային թունավորումով, այսօր` հունիսի 29-ին միանգամից 17 մարդ տեղափոխվել են Գորիսի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք: NEWS.am-ի ունեցած այս տեղեկատվությունը հաստատեցին նաեւ Առողջապահության նախարարությունում եւ նոր մանրամասներ հայտնեցին:
Պարզվում է, որ Արտաշատի թիվ 2 դպրոցի կոլեկտիվն ավտոբուսով հունիսի 28-ին գնացել է Տաթեւ: Այստեղ նրանք զբոսնելուց եւ բաց երկնքի տակ սնվելուց հետո, իրենց ուտելիքները հավաքել եւ տեղափոխվել են Գորիսի «Եղեւնուտ» հյուրանոց, որտեղ գիշերել են:
Առավոտյան նրանք ոչ միայն օգտվել են հյուրանոցի նախաճաշից, այլեւ կերել են իրենց մոտ եղած ուտելիքները, որոնց մեջ եղել է ղավուրմա:
Արդեն այսօր` կեսօրից հետո Գորիսից վերադառնալիս, դպրոցի կոլեկտիվի անդամներն սկսել են սրտխառնոց զգալ եւ անմիջապես տեղափոխվել Գորիսի հիվանդանոց:
Նախնական տվյալներով, թունավորումը ղավուրմայից է եղել, թեեւ չի բացառվում, որ դա եղած լինի հյուրանոցում կերած թթվասերից կամ անգամ ջրից: Առայժմ հիվանդներն ուսումնասիրվում են, իսկ թունավորման հստակ պատճառները պարզ կլինեն առաջիկայում:




























