Հնդկաստանի ոստիկանությունը նախնական մեղադրանք է առաջադրել Twitter-ի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ՝ երկրի անստույգ քարտեզի պատճառով:
Ուտար Պրադեշի նահանգի ոստիկանությունը հաղորդել է, որ քրեական գործ է հարուցվել Twitter India-ի երկու պաշտոնյաների դեմ այն բանից հետո, երբ հինդուական ազգայնական խմբավորումներից մեկի ղեկավարը հայտարարել է, որ ընկերության կայքում Քաշմիրի վիճելի շրջանը ներկայացվում է որպես անկախ երկիր:
Քարտեզն արդեն հեռացվել է Twitter-ի «Tweep Life» բաժնից՝ սոցիալական ցանցերի օգտվողների շրջանում վրդովմունքի ալիք առաջացնելուց հետո:
Ոստիկանության խոսնակը AFP-ին հայտնել է, որ Twitter India-ի ղեկավար Մանիշ Մահեշվարին եւ մեկ այլ բարձրաստիճան աշխատակից հետաքննվում են Հնդկաստանի ՏՏ օրենքները խախտելու եւ հասարակությանը վնաս պատճառելու համար:
Վերջին տարիներին կառավարությունը կոշտ դիրքորոշում է որդեգրել Հնդկաստանի սահմանների ցանկացած խեղաթյուրման դեմ՝ հատկապես Քաշմիրի դեպքում, որը բաժանված է Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ:
Twitter-ը մի քանի ամսով արգելափակված է Հնդկաստանում գործող սոցիալական ցանցերի ընկերությունների նոր կանոնների պատճառով: Կանոնները ընկերություններից պահանջում են հեռացնել եւ նույնականացնել այն հաղորդագրությունների «առաջին հեղինակին», որոնք ենթադրաբար քայքայում են Հնդկաստանի ինքնիշխանությունը, ազգային անվտանգությունը կամ հասարակական կարգը:





























