Ելույթ ունենալով Արցախի ԱԺ նիստում՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ պատերազմն ահռելի վնաս է հասցրել Արցախի տնտեսությանը:

Նրա խոսքով՝ 2020 թվականին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 76,8%, իսկ ՀՆԱ-ն՝ 270,9 մլրդ դրամ անցած տարվա 342,5 մլրդ դրամի դիմաց՝ հանգեցնելով  22,4% տնտեսական անկման, որի 9,2 տոկոսային կետը կազմում է արդյունաբերությունը, ներառյալ՝ էներգետիկան, 6,4 տոկոսային կետը՝ առեւտուրը եւ ծառայությունները, 2,4՝ շինարարությունը, 2,1՝ գյուղատնտեսությունը:

2020 թվականին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 1 մլն 820 հազար դրամ կամ  3722 ԱՄՆ դոլար 2019 թվականին 2 մլն 307 հազար դրամ կամ 4803 ԱՄՆ դոլարի դիմաց: 2020 թվականին միջին տարեկան գնաճը կազմել է 0,8%:

2020 թվականին արտաքին առեւտրաշրջանառությունը կազմել է 417,8  մլն դոլար, ինչը 36%-ով քիչ է անցած տարվա ցուցանիշից:

Ռազմական գործողություններից վնասի հետեւանքով 2021 թվականին 207 մլրդ դրամի չափով կանխատեսվող ՀՆԱ-ի դեպքում տնտեսական անկումը կկազմի մոտ 25%: Գնաճի ցուցանիշը կանխատեսվում է 3%-ի սահմանում: 2020 թվականին պետբյուջեի փաստացի ծախսերը կազմել են 122 մլրդ 557 մլն 900 հազար դրամ՝ 89.7% ծրագրային ցուցանիշի ապահովմամբ եւ առանց էական պարտքերի կուտակման պետբյուջեի կատարմամբ:

Հարությունյանի խոսքով՝ 2021 թվականի առաջնահերթություն է տնտեսական վնասի հաշվառումը, օկուպացված տարածքներում մնացած օբյեկտների կորստից վնասի փոխհատուցման ծրագրի իրականացումը, աշխատանքով ապահովումը: