ԱՄՆ-ի դաշնային իրավապահ մարմինները տտարեկան հազարավոր անգամներ Microsoft-ի հաճախորդների տվյալների գաղտնի հարցում են կատարում: Այս մասին Կոնգրեսին տված իր ցուցմունքներում հայտարարել է Microsoft-ի անվտանգության եւ հաճախորդների վստահության հարցերով կորպորատիվ փոխնախագահ Թոմ Բարթը, հայտնում է AP-ն:

Նրա խոսքով՝ վերջին տարիներին դաշնային իրավապահ մարմինները տարեկան 2400-3500 կամ օրական մոտ 7-10 գաղտնի հրաման են տվել ընկերությանը:

«Այն փաստը, որ իրավապահ մարմինները խնդրել են, եւ դատարանները հաստատել են այդքան շատ ամերիկացիների գաղտնի հսկողությունը, լուրջ նահանջ է պատմական նորմերից»,- ասել է նա:

Իրավապահ մարմինների եւ Big Tech-ի հարաբերությունները վերջին շաբաթների ընթացքում ուշադրություն են գրավել այն բանից հետո, երբ արդարադատության նախարարության դատախազները հետաքննության ընթացքում ոչ միայն լրագրողների, այլեւ Կոնգրեսի անդամների եւ դրա աշխատակիցների հեռախոսային ձայնագրություններ են ձեռք բերել: Օրինակ, Microsoft-ը այն ընկերությունների շարքում է, որոնք դատարանի որոշմամբ փաստաթղթեր են ներկայացրել, եւ ճնշման մասին որոշման պատճառով ստիպված են եղել սպասել ավելի քան երկու տարի` մինչ դրա բացահայտումը:

Microsoft-ի նախագահ Բրեդ Սմիթը կոչ է արել դադարեցնել գաղտնի դատական որոշումների չարաշահումը՝ պնդելով, որ «դատախազները շատ հաճախ են օգտագործում տեխնոլոգիաները՝ մեր հիմնարար ազատությունները խախտելու համար»: