Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մերժել է Պաղեստինի հանգուցյալ նախագահ Յասեր Արաֆաթի այրու եւ դստեր հայցը՝ 2004 թվականին նրա մահվան հետաքննությունը վերսկսելու խնդրանքով, հաղորդում է MEMO-ն:
Ֆրանսիական դատարաններում չհաջողված դատական հայցերից հետո 2017 թվականին Սուհա եւ Զահվա Արաֆաթները ՄԻԵԴ բողոք էին ներկայացրել, որ Պաղեստինի ինքնավարության (ՊԻ) նախկին նախագահը կանխամտածված սպանության զոհ է դարձել:
Սակայն երեկ կայացրած վճռում ՄԻԵԴ-ը հայտարարել է, որ արդար դատաքննության իրավունքի խախտում տեղի չի ունեցել, եւ բողոքը «ակնհայտորեն անհիմն է»:
Երեք դատավորներ նշել են, որ գործը լսելուց հետո «դատավարության բոլոր փուլերում դիմումատուները, իրենց փաստաբանների օգնությամբ, կարողացել են իրականացնել իրենց իրավունքները»:
2015-ին ֆրանսիացի դատավորները փակել էին Արաֆաթի սպանության պնդումների հետաքննությունը՝ առանց որեւէ մեղադրանք առաջադրելու: Ֆրանսիայի վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել գործի հարուցումը մերժելը, ինչը հանգեցրել է նրան, որ նախկին առաջնորդի ընտանիքը դիմել է ՄԻԵԴ:
2004-ի նոյեմբերի 11-ին Արաֆաթը մահացել էր Ֆրանսիայում՝ խիստ կասկածելի հանգամանքներում, 75 տարեկան հասակում: Մինչ այժմ բժիշկներին չի հաջողվել պարզել նրա մահվան ճշգրիտ պատճառը:





























