Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆեյսալ բին Ֆարհանը վերջերս իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում անդրադարձել է Իրանի ու Պաղեստինի հարցին: Այս մասին հայտնում է Mehr լրատվական գործակալությունը:

Ինչ վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունների հաստատմանը, Սաուդյան Արաբիայի արտգործնախարարն ասել է, որ իր երկիրը ողջունում է Իրանի հետ բանակցությունները, բայց Թեհրանը պետք է ապացուցի իր նվիրվածությունը տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովմանը:

Ֆարհանը «դրական» է որակել Իրաքում մի քանի ամիս առաջ սկսված վերջին բանակցությունների վերաբերյալ երկու երկրների դիրքորոշումը եւ հույս է հայտնել, որ այդ բանակցությունները կհանգեցնեն Իրանի եւ Սաուդյան Արաբիայի հարաբերությունների ջերմացմանը:

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը երկրի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել էր, որ Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքականությունը հիմնված է իր շահերի վրա, եւ նա աշխատում է աշխարհում բոլոր գործընկերների հետ ամրապնդել կապերը եւ շահագրգռված է հարաբերություններ հաստատելԻրանի Իսլամական Հանրապետության հետ: