Հայաստանյան «Էկոատոմ» ընկերությունը մշակել է մագնեզիումի ստացման նորագուն տեխնոլոգիա, որը թույլ կտա Հայաստանին` ամուր դիրքեր նվաճել մագնեզիումի միջազգային շուկայում: Այդ մասին NEWS.am-ին ասաց ՀՀ Զարգացման հայկական գործակալության ծրագրի ղեկավար Արամ Վարդանյանը:
Նրա խոսքով` մագնեզիումի արտադրությունը կիրականացվի 3 փուլով: Առաջին` փորձնական փուլն արդեն ավարտվել է, թողարկվել է մագնեզիումի առաջին խմբաքանակը: Երկրորդ փուլում պետք է սկսվի տարեկան 300 տոննա արտադրողականությամբ մագնեզիումի արտադրություն: Երրորդ փուլում արտադրությունը կհասցվի մինչեւ 1000 տոննայի:
Մագնեզիումը կիրառվում է տարբեր ոլորտներում, հատկապես մեծ պահանջարկ ունի լեռնամետալուրգիայում եւ էներգետիկայում: Մաքուր մագնեզիումը (99.9 տոկոս) լեռնամետալուրգիայում կիրառվում է մետաղները վերջնական տեսքի բերելու համար: Դրա նկատմամբ պահանջարկը մեծ է նաեւ Հայաստանում, քանի որ առայժմ հայկական լեռնամետալուրգիական ընկերությունները մագնեզիում ներմուծում են այլ երկրներից:
«Էկոատոմի» մշակած տեխնոլոգիան թույլ է տալիս մագնեզիում ստանալ ջրային լուծույթներից` խուսափելով թանկարժեք սարքավորումների կիրառումից: Եթե Ռուսաստանում 1000 տոննա արտադրողականությամբ գործարան կառուցելու համար անհրաժեշտ է 50 մլն դոլարի ներդրում, ապա հայ գիտնականների նորարարության շնորհիվ պահանջվում է ընդամենը 6 մլն դոլար: Ի դեպ` գյուտը պատենտավորված է ՀՀ մտավոր սեփականության գործակալությունում, աշխատանքներ են տարվում միջազգային պատենտավորման ուղղությամբ:
Ա. Վարդանյանի տեղեկացմամբ` մագնեզիումը միջազգային շուկայում մեծ պահանջարկ է վայելում, 1 տոննա մագնեզիումի գինը սկսում է 2500 դոլարից: «Էկոատոմի» մշակած տեխնոլոգիայի շնորհիվ մագնեզիումի ստացման ինքնարժեքը կկազմի 550-600 դոլար` զգալիորեն քիչ, քան այլ երկրներում: Սկզբնական շրջանում հումքը կներկրվի, սակայն, Ա. Վարդանյանի խոսքով` Հայաստանն ունի մագնեզիումի ստացման համար անհրաժեշտ հումքի հսկայական պաշարներ: Եթե արտադրությունը հասցվի մինչեւ տարեկան 50 հազ. տոննայի, ինչը միանգամայն իրատեսական է, ապա Հայաստանը լուրջ դիրքեր կգրավի մագնեզիումի համաշխարհային շուկայում:
Ա. Վարդանյանը տեղեկացրեց նաեւ, որ ռուսական մի քանի ընկերություններ ներկայում հետաքրքրված են Հայաստանում մագնեզիումի արտադրության հեռանկարներով:




























