ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Ռուսաստանը կարող է ներգրավված լինել նոր լայնածավալ կիբեհարձակման գործում, որի հետեւանքով տուժել է շուրջ 200 ամերիկյան ընկերություն, գրում է DW-ը:
«Ի սկզբանե համարվում էր, որ դա ռուսական իշխանությունների գործը չէ, սակայն մենք դրանում դեռեւս համոզված չենք»,-հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը Միչիգան նահանգում: Վաշինգտոնը կարձագանքի, եթե հաստատվի, որ հաքերների գործողությունների հետեւում կանգնած է Մոսկվան, խոստացել է Բայդենը: Պետության ղեկավարը հանձնարարել է հատուկ ծառայություններին հետաքննություն անցկացնել:
Հուլիսի 1-ի նոր կիբերհարձակման թիրախն էր Ֆլորիդայից Kaseya ՏՏ ընկերությունը: Հարձակման հետեւանքով միայն Միացյալ Նահանգներում տուժել է առնվազն 200 ընկերություն, որոնք օգտագործում են դրա ծրագրային ապահովումը, իսկ ամբողջ աշխարհում այն կարող էր ազդել շուրջ 1000 ձեռնարկությունների գործունեության վրա: Կիբերհարձակման զոհերն էին նաեւ մի քանի սուպերմարկետներ Շվեդիայում, որոնք նույնպես օգտվում էին Kaseya-ի ծառայություններից: ESET ընկերությունը հայտարարել է, որ հանցագործների գործողություններից տուժել են ընկերություններ առնվազն 17 երկրներում:
Այդ ընկերությունների համակարգիչներն արգելափակվել էին շորթիչ վիրուսի միջոցով: Համակարգչային անվտանգություն ապահովելու գործում մասնագիտացած Huntress Labs Inc. ընկերության ներկայացուցիչները ենթադրում են, որ կիբերհանցագործների հարվածների հետեւում կարող է կանգնած լինել Revil անունով ռուսալեզու խմբավորումը:





























